Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Այսօր մենք չենք գնում այն շառլատան ճանապարհներով, ինչ մի «Ժիգուլու» բագաժնիկում տեղավորվող կուսակցությունները»

«Այսօր մենք չենք գնում այն շառլատան ճանապարհներով, ինչ մի «Ժիգուլու» բագաժնիկում տեղավորվող կուսակցությունները»
11.11.2008 | 00:00

«ՄԵՆՔ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺՈՒՄ» ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՆՔ»
Օրերս Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 91-րդ տարեդարձը նշեց։ Սակայն ոչ նախկին շուքով, դրոշ- փուչիկներով, թեև Հայաստանի թիվ մեկ կոմունիստ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ մինչ օրս էլ նույն ջերմությամբ ու հպարտությամբ է խոսում երբեմնի հզոր «պարադների» մասին։
-Ըստ էության, «նոյեմբերի» գաղափարը եկավ ու անցավ։ Ձեր դիտարկմամբ՝ Հայաստանն առանց այդ գաղափարախոսության ինչպիսի՞ վիճակում է հայտնվել։
-Լավատես լինելով հանդերձ՝ կարծում եմ, որ այսօր Հայաստանն իր շունչը փչում է, քանի որ չկա արդյունաբերություն, արտագաղթը, գործազրկությունը խեղդում են, տարածաշրջանում կատարվող շատ գործընթացներ անորոշ են։ Եթե այսօր Հայաստանը ֆիզիկապես իր շունչը չի փչել, ապա խոշոր հարցերում շունչը փչել է։
-Որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի «շունչը փչելուն» նպաստում է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս մոտեցմանը։
-Նախ՝ կարևորը հայ-ռուսական բարեկամությունն է և ոչ թե՝ ով է Հայաստանում կամ Ռուսաստանում ղեկավարում։ Մենք հավերժ պետք է լինենք ռուս ժողովրդի հետ, ու այս քաղաքականությունը փոխել և ընկնել մեկ սրա, մեկ նրա գիրկը, կնշանակի նպաստել ազգի կործանմանը։ Նրանք, ովքեր կարծում են, թե Հայաստանի «շունչը փչելուն» նպաստում է Ռուսաստանը, ազգի դավաճաններ են։
-Իսկ ՀԿԿ-ն «շունչը չի՞ փչել»։
-ՀԿԿ-ն երբեք «շունչը չի փչի»։ Երբեմն խոշոր գաղափարները կարող են նահանջել, ու հնարավոր է, որ մենք էլ հիմա որոշ չափով նահանջ ենք ապրում։ Սակայն եթե «շունչը փչած» լինեինք, այսօր հիսուն շրջանային կուսակցական կազմակերպություններ չէին լինի, որտեղ ընդգրկված է շուրջ քսան հազար կոմունիստ։ Միգուցե այսօր մենք չենք գնում այն շառլատան ճանապարհներով, ինչպես յոթ-ութ կամ մատների վրա հաշված մարդկանցով համալրված կուսակցությունները, որոնք մի «Ժիգուլու» բագաժնիկում են տեղավորվում։ Այնպես որ, շատերի ցանկությունն է՝ ՀԿԿ-ն չլինի, բայց սա մեր ժողովրդին բնաջնջումից փրկող կուսակցությունն է։
-Անդրադառնանք նախորդ հարցին։ Ռուսաստանում ազգայնականները լավ էլ ոչնչացնում են տեղի հայերին։ Բավական է հիշել միայն վերջին սպանությունները։
-Այդ առիթով ես հայ ժողովրդի դժգոհությունն եմ փոխանցել ռուսաստանյան՝ բարձր մակարդակի լսարանի առջև։ Ռուսական միջավայրում լինում են նման ստահակներ, սափրագլուխ ազգայնամոլներ, որոնց իրագործածը խիստ դատապարտելի է։
-Այնուամենայնիվ, համամիտ չե՞ք, որ նման մարդիկ պարզապես ինքնուրույն չեն գործում, այլ նրանց ուղղորդում են։
-Եթե այդպես լիներ, այսօր Պետական դումայում, բարձր պաշտոններում հայեր չէին լինի, հայկական համայնքն այդպես չէր ծաղկի։ Եթե ազգայնամոլությունը լիներ պետական քաղաքականություն, վերջիններիս վրա էլ դա պետք է ազդեր։
-Բայց միայն հայերին նկատի չունեմ, այլ կովկասյան մյուս ազգերին ևս։
-Իհարկե, նման երևույթները խստորեն դատապարտում եմ, բայց եկեք այս ամենը դիտարկենք այլ հարթությունում. մեկ տարվա մեջ Ռուսաստանում, երևի թե, վեց հայ է սպանվում, իսկ Հայաստանում մեր ազգի ներկայացուցիչների ձեռքով մեկ օրում չորս սպանություն տեղի ունեցավ։ Այսինքն, եթե մեկ հայ է սպանվում Ռուսաստանում, դա մեծ վիշտ է, իսկ Հայաստանում պետք է այն համարենք մեծ ողբերգություն։ Այդ ողբերգությունն էլ ամեն րոպե սպասելի է։ ՈՒրեմն` առաջ մեզ նայենք, հետո ուրիշին անուն դնենք։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրողությունը, որ Օբամայի ընտրվելու օրը Մեդվեդևն իր ուղերձով հայտարարեց, թե Ռուսաստանը Կովկասից չի նահանջելու։
-Ես հիացած եմ այդ հայտարարությամբ։ Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ստորագրված հռչակագրի բուն նպատակը հենց դրանում է ամփոփված։ Սա նշանակում է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ էլ այլ ուժեր այստեղ մտնելու որևէ հնարավորություն չունեն։ ՀՀ իշխանությունները, որ կոմպլեմենտար անվան տակ միշտ երկու լարի վրա են խաղացել, պետք է այդ ամենին վերջ տան։ Այս ամենը շատ ավելի բարդ ու ծանր է, քան գորդյան հանգույց քանդելն ու ավգյան ախոռներ մաքրելը։
-Խոսենք նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներից։ «Երրորդ ուժ» կոչվող ֆորմատում կոմունիստներ էլ կան։ Ինչպե՞ս կարձագանքեք։
-Նրանք կոմունիստներ չեն, իսկ թե ինչպես են իրենք իրենց անվանում, մեզ բոլորովին հետաքրքիր չէ։ Իհարկե, մենք ստացել ենք առաջարկ այդ ձևաչափին մասնակցելու, բայց մենք այնտեղ անելիք չունենք։ ՈՒժ դառնալու համար պետք է գաղափարախոսություն ունենալ։ ՀԿԿ-ն եղել է, կա ու կմնա արմատական ընդդիմություն՝ երբեք չսատարելով կապիտալիստական հոռի բարքեր քարոզող կուսակցություններին։
-Եթե արմատական ընդդիմություն եք՝ ինչո՞ւ այսօր արմատական ընդդիմության շարքերում չեք։
-Արմատական ընդդիմությունը լոկ բառակապակցություն չէ։ Երկրորդեմ՝ նման ընդդիմությունը պետք է գաղափարախոսություն ունենա։ «Արմատական» կոչվող այս ընդդիմությունում արմատական գաղափարախոսություն ես չեմ տեսնում։ Ստացվում է, որ մենք գնացել ենք, հիմա եկել ենք ու սրանց վա՞տ ենք ասում։ Է՜, մենք երկուսին էլ վատ ենք ասում։ Կարիք չկա Կայենին փոխարինել մեկ այլ Կայենով։
-Փաստորեն, Դուք պնդում եք, որ այսօրվա արմատական ընդդիմությունում գաղափարախոսությունը բացակայո՞ւմ է։
-Այդ գաղափարախոսությունն ինձ համար անընդունելի է։ Ժամանակին ասում էին՝ Հայոց համազգային շարժում, որը հետագայում վերածվեց կուսակցության, իսկ հիմա էլ ասում են Հայ ազգային կոնգրես։
-Ասել է՝ կոնգրեսը ժամանակի ընթացքում վերածվելու է կուսակցությա՞ն։
-Անպայման, չի կարող չդառնալ, որովհետև փորձն է դա ցույց տվել։
-Դուք ոչ արմատական ընդդիմությունում եք, ոչ «երրորդ ուժում» և ոչ էլ իշխանական բևեռում, այսինքն՝ կենտրոնում եք։ Իսկ կա՞ «կենտրոնի» գաղափարախոսություն։
-Այսօր ընդհանրապես դժվար է ասել, թե այս կամ այն կուսակցությունն ինչ գաղափարախոսություն ունի։ Մեկն ասում է՝ սոցիալիստ եմ, բայց կռվում է սոցիալիզմի դեմ, մյուսը՝ հեղափոխական է, բայց կռվում է հեղափոխության դեմ... Մեր գաղափարախոսությունը տարբերվում է բոլորից։ Ասում են՝ ՀԿԿ-ն այսօր թույլ է, բայց ՏԻՄ ընտրությունների արդյունքում մենք ունենք մի գյուղապետ, քաղաքապետի երկու տեղակալ, ավագանիների ընտրված շատ անդամներ։
-Համարենք դա կոմկուսի վերածնո՞ւնդ։
-Սկսվո՛ղ վերածնունդ, որը փոքր-ինչ դանդաղ է ընթանում։ Այսօր է ժողովուրդը հասկանում կորցրածի ողջ կարևորությունը։ Աշխարհում շուրջ 850 մլն մարդ քնում է սոված, օրական քսանչորս հազարը մահանում է սովից։
-Եթե կոմունիստական գաղափարներին հարեին, սոված չէի՞ն լինի։
-Իհարկե՝ ոչ։
-Կոմունիստական գաղափարախոսության վերջին օրրաններից մեկում՝ Կուբայում, նույնպես մարդիկ սովից մեռնում են։
-Կուբան վերջինը չէ, հիմա Վենեսուելան է բարձրանում։ Չպետք է մոռանալ նաև, որ Կուբան իր ստեղծման օրից գտնվում է ԱՄՆ-ի խայտառակ շրջափակման մեջ։ Եվ կա, ի վերջո, հզոր Չինաստանը, որն ունի հիանալի հաջողություններ։ Այնպես որ կոմունիզմը, առասպելական փյունիկի նման, դեռ կհառնի մոխիրներից։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3915

Մեկնաբանություններ